«Շարիաթի ինքնակոչ» ոստիկանությունը առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու սկսել է հսկել Վուպերտալ քաղաքի փողոցները: Ուրբաթ օրը դրա մասնակիցները համացանցում տեսանյութ են հրապարակել իրենց գիշերային հսկումների մասին, և արդեն սեպտեմբերի 6-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների կողմից կտրուկ քննադատության արժանացել:
30 հազար մահմեդական բնակիչներ ունեցող քաղաքի փողոցներում հսկելու կոչ են անում երիտասարդները, ովքեր իրենք իրենց անվանում են սալաֆիտներ՝ իսլամի մեկնաբանության ծայրահեղ պահպանողականներ: Հոգևոր այս հոսքն արդեն վաղուց է գտնվում հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հատկապես Իրաքի և Սիրիայի իրադարձությունների ֆոնին, որտեղ այլ երկրների քաղաքացիների կողքին կռվում են նաև Գերմանիայի քաղաքացիներ: Գերմանիայում անհանգստանում են, որ տուն վերադառնալուց հետո նրանք մտադրված կաջակցեն Գերմանիայում ապրող մահմեդականների ծայրահեղականացմանը:
«Շարիաթի ոստիկանները» վառ նարնջագույն բաճկոններ են կրում: Վուպերտալի փողոցներում նրանք հերթապահում են բարերի, կազինոների, գիշերային ակումբների մոտ, զրուցում են մարդկանց հետ, առաջարկում հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից և հետևել իսլամի կանոններին:
Կառավարությունում սալաֆիտների այս գործունեությունը սադրանք են անվանել, ինչպես նաև մարդկանց իրենց շարքերը ներգավելու փորձ:
«Շարիաթի օրենքներ գերմանական հողում չեն հանդուրժվի: Ոչ ոքի թույլատրված չէ սևացնել գերմանական ոստիկանության բարի համբավը»,- հայտարարել է երկրի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:
«Երկրի կարգուկանոնի համար միայն պետությունն է պատասխանատու,- հայտարարել է արդարադատության նախարար Հայկո Մաասը:- Ոչ մի զուգահեռ արդարադատություն մենք չենք հանդուրժի»:
Սալաֆիտները Գերմանիայում խիստ վերահսկողության տակ են գտնվում: Երկրում գրեթե 4 հազար սալաֆիտներ են բնակվում:








































