Ռուսաստանը Վրաստանի հետ շատ պայմանագրեր է ստորագրել, սակայն դրանցից ոչ մեկը չի իրագործել: Ավելին՝ յուրաքանչյուր պայմանագրից հետո Ռուսաստանը ավելի ու ավելի շատ վրացական տարածքներ է բռնագրավել: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ռուսաստանը հակամարտությունների վերաբերյալ շատ պայմանագրեր է ստորագրել, այդ թվում՝ միջազգային միջնորդությամբ, դրանց թվում են՝ Դագոմիսի, Սոչիի և Մոսկովյան պայմանագրերը, Սարկոզի-Մեդվեդևի ծրագրի 6 կետերը, ոչ միայն այս պայմանագրերից յուրաքանչյուրը Ռուսաստանը խախտել է, այլև դրանք գրեթե բոլորը Ռուսաստանն անհապաղ օգտագործել է որպես նոր բռնագրավումների գործիք: Այսպես՝ կրակի դադարեցման մասին Մոսկովյան պայմանավորվածություններից անմիջապես հետո գրավվեցին Գագրան և Աբխազիայի կեսը, Սոչիի պայմանավորվածություններից հետո գրավվեց Սուխումը, իսկ Սարկոզի-Մեդվեդևի պայմանավորվածություններից հետո՝ Վրաստանի Ախալգորի շրջանը:
Բացատրելով՝ ինչու է նա համառորեն հրաժարվում իրագործել 2008թ. օգոստոսին ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները՝ Կրեմլի ղեկավարությունն անվրդով հայտարարել է, որ պայմանագրով իսկապես նախատեսված է, որ օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն, բայց Ռուսաստանը դա չի անի: Նրանց հայտարարությամբ՝ այնտեղ «նոր իրողություններ» են առաջացել, ինչը նրանց ազատում է ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունից: Սա կարճ պատմական էքսկուրս է ուկրաինացի ընկերների համար»,- ասել է Սաակաշվիլին:










































