«Իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը Իրաքի հյուսիսում իրականացնում է պարբերական էթնիկական զտումներ՝ հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
Իրավապաշտպանները պնդում են, որ ռազմական հանցագործությունների բազմաթիվ վկայություններ են հավաքել, այդ թվում՝ առևանգումների և զանգվածային սպանությունների վերաբերյալ, որոնք իրականացրել են ԻՊ-ի գրոհայինները էթնիկական և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Օրինակ՝ օգոստոսին Սինջարում սպանվել էին հարյուրավոր, գուցեև հազարավոր եզդիներ: Հալածվում են քրիստոնյաները, ինչպես նաև այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ հաղորդում է Amnesty International-ը: