Google-ի նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա ֆիքսված ամենամսյա վճարի դիմաց լսել ու սարքի մեջ ներբեռնել երաժշտություն առանց սահմանափակումների, կկոչվի YouTube Music Key: Պաշտոնական անոնս առայժմ չի եղել, սակայն նոր ծառայության մասին մի շարք տեղեկություններ են հայտնի դարձել Android Police պարբերականին:
Google-ը նույնանման ծառայություն արդեն ունի. Google Play Music All Access-ը հնարավորություն է տալիս 9,99 դոլար ամսական վճարի դիմաց ցանկացած երգ լսել հսկա կատալոգից, սարքի մեջ պահպանել սիրելի ալբոմները, նաև լսել Google-ի «ամպի» վրա բեռնված թրեքերը սեփական հավաքածուից:
Նորույթը շատ նման է, սակայն որպես երաժշտության աղբյուր՝ օգտագործվում է YouTube-ը: Հնարավոր է՝ Google Play Music All Access-ից օգտվողները կարիք չունենան նորից գրանցվելու. YouTube Music Key-ի հասանելիությունն ավտոմատ կերպով կլինի:
Ծառայությունում գովազդ չի լինի, իսկ ամսական գրանցումը կարժենա Google Play Music All Access-ի չափ:
Երբ ծառայությունը պաշտոնապես կներկայացվի և կթողարկվի՝ հայտնի չէ:








































