Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանը հրապարակեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանի գործով դատավճիռը: Դատարանը մերժել է Սամվել Հարությունյանի հայցապահանջը:
Իսկ Սամվել Հարությունյանը դատարան էր դիմել lurer.com լրատվական կայքում «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որ կուսակցությունից ես»` հոդվածի հրապարակումից հետո, իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և ներողություն խնդրելու պահանջով: Նախկին քաղաքապետը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար պատասխանողից` հոդվածագրից, հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար, իսկ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար:
Նշենք, պատասխանող կողմը հարցադրմամբ շարադրված վերնագիր ունեցող հոդվածը զրպարտություն չէր համարում` այլ գնահատողական դատողություն, իսկ հոդվածում նշվածը` իրականություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































