Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցում չափազանց հեռուն է գնացել, և Ռուսաստանն առանց կորուստների արդեն չի մնա: Այսպես է կարծում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչի մասին նա ասել է «Ուկրաինա» ալիքի եթերում:
«Ես վերջին ամիսներին շատ եմ շրջագայել Ուկրաինայում: Եվ մարդիկ խոսում են բարեփոխումների մասին, մարդիկ ուզում են, որ կոռուպցիա չլինի, որ հին պրակտիկան չշարունակվի: Իրականում մարդիկ շատ մոբիլիզացված են պատերազմի, բայց դա ամենից քիչն են ուզում: Բայց դա ուկրաինացի ժողովրդի ընտրությունը չէ: Կարծում եմ՝ Ռուսաստանը հեռանկար չունի: Պուտինը մտել է այնտեղ, որտեղից անվնաս դուրս չեն գալիս: Ղրիմը նրան այնքան հեշտ թվաց, որ նա, հավանաբար, կարծում էր, որ հիմա կգնա ու անշլյուս կլինի. Ուկրաինայի արևելքը կանջատվի, հարավը կանջատվի, և բոլորը կհանձնվեն, և Ռուսական մեծ կայսրությունը կվերականգնվի»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն ուղղակիորեն մեջբերել է, որ փաստարկները, որոնք հիմա բերում է Ռուսաստանը Ուկրաինայի հարցում, նույն Չուրկինը, նույն Լավրովը և Պուտինին շրջապատող բոլորը, որպես օրինակ, բերում էին Վրաստան ներխուժումից առաջ»:
«Այսինքն՝ դրանում լավ ոչինչ չկա: Ամերիկացիները ևս մեկ անգամ հիշեցին, որ իրավիճակները շատ նման են, և շատ նման են Պուտինի հավակնությունները: Եվ մենք հույս ունենք, որ Ուկրաինայի պայմաններում կհաջողվի կանխել վատագույնը: Իսկ վատագույնը լիամասշտաբ ներխուժումն է: Չնայած՝ իհարկե, Պուտինը տարբեր տարբերակներ է քննարկում»,- նշել է Սաակաշվիլին:





































