Իրանական ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են օդանավի ինքնագրերը։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ահմադ Մաջիդին, հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։
Իր հերթին, մայրաքաղաքային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մոհամեդ Իլհանին հայտարարել է, թե օդաչուն ինքնաթիռի օդ բարձրանալուց մի քանի վայրկյան առաջ դիսպետչերներին տեղեկացրել է շարժիչներից մեկում ի հայտ եկած խափանման մասին։ Մի քանի վայրկյան անց կապն ինքնաթիռի հետ ընդհատվել է։
Ինքնաթիռը, որում եղել է 50 մարդ, ներառյալ՝ յոթ երեխա, Թեհրանից ուղղություն էր վերցրել Իրանի արևելյան Թաբաս քաղաք։ Բառացիորեն մի քանի րոպե անց օդանավն ընկել է մայրաքաղաքի արևմտյան արվարձաններից 5 կմ հեռավորության վրա։ Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռն արդեն թռիչքուղու վերջին մետրերում կորցրել է կառավարումը, սակայն կարողացել է վեր բարձրանալ և թռչել մի քանի րոպե։
Վերջին տվյալներով, ավիավթարի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, տասը ուղևորի հաջողվել է փրկվել։








































