9-ամյա տղան կարողացել է դուրս պրծնել 3 մետրանոց ալիգատորի երախից և ողջ մնալ՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Հարձակումը տեղի է ունեցել Թոհո լճում՝ Ֆլորիդայի նահանգ: Հեծանիվ վարելուց հետո դեռահասը որոշել է լողալ արգելված գոտում:
«Նա իր ընկերների հետ լողացել է ափի մոտ, և այդտեղ նրան բռնել է ալիգատորը: Նա մահու չափ վախեցած էր: Երեխան կարծել է, թե ընկերներից մեկն է իրեն հրում, սակայն պարզվել է՝ ալիգատորն է բռնել»,- ասել է փրկված երեխայի պապիկը:
«Մենք լսեցինք նրա բղավոցը, նա դեպի ափ էր սողում և լաց լինում: Նրա մեջքին երևում էին կծածի հետքեր»,- ասել է տղայի ընկերներից մեկը:
Անձամբ տղան ասել է, որ սկզբում չէր էլ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել՝ հավելելով, որ այդ ամենը ցնցել է իրեն:
Տղայի մարմնին գիշատչի ատամների և ճանկերի 30 հետք կա:












































