ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Ժնևում, հինգշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ կառուցողական բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:
ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարել է պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը: Դրա կազմում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ փոխնախագահի խորհրդական Ջեյկոբ Սալիվանը:
Նշվում է, որ հինգշաբթի Ժնևում տեղի ունեցած բանակցությունների երկու փուլերը մոտ 5 ժամ են տևել:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել և պայմանավորվել բանակցային շրջանը մինչև նոյեմբերի 24-ը երկարաձգելու մասին:











































