ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ամենածանր փորձությունն է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի համար. նա նախարար է դարձել ԲՀԿ-ՀՀԿ կոմպրոմիսային համաձայնությամբ: Ինչպես հայտնի է, նա նախկին ԲՀԿ-ական է և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Օլիմպիական կոմիտեի քարտուղար, սակայն կառավարության անդամ լինելով` ոչ պաշտոնապես պարտավոր է պաշտպանել իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս առումով երիտասարդ նախարարին լուրջ փորձություն է սպասվում. եթե Ծառուկյանին պաշտպանի, կկորցնի պաշտոնը, եթե չպաշտպանի` կկորցնի լուրջ ֆինանսական աղբյուրը: «Առաջին լրատվական»-ը երեկ ԱԺ-ում զրուցեց նախարարի հետ:
– Պարոն Ռոստոմյան, երբ Դուք նախարար դարձաք, դուրս եկաք ԲՀԿ-ից, հիմա Ձեր կապերը պահո՞ւմ եք պարոն Ծառուկյանի հետ:
– Օլիմպիական կոմիտեի նախագահն ու սպորտի նախարարը չեն կարող կապերը չպահել: Սպորտը կուսակցություն չի ճանաչում:
– Տեղեկություններ կան, որ Բրյուսելից վերադարձից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Եթե առաջադրվի, դուք պաշտպանելո՞ւ եք նրա թեկնածությունը, թե՞ որպես նախարար ստիպված եք լինելու հրաժարվել:
– Առանց մեկնաբանությունների: Ժամանակը կգա, կպատասխանեմ:
– Իսկ ինչպե՞ս եք Ձեզ զգում Հանրապետական կառավարությունում: Հայտնի է նաև, որ նախկին մարզիկ եք:
– Եկեք չքաղաքականացնենք, սպորտը բոլորինս է: …Շատ լավ ոլորտը հասկանում եմ, տիրապետում եմ, չեմ խեղճանում: Ահագին խնդիրներ լուծում են ստանում:
– Ձեր ղեկավարած ոլորտի հետ կապված վերջին շրջանում որոշակի գնահատականներ և քննադատություն հնչեց ՀՀԿ-ականների կողմից: Կարծում եք` կշարունակե՞ք պաշտոնավարումը մինչ նախագահական ընտրությունը և նախագահական ընտրություններից հետո:
– Հարցն արդեն իմ ոլորտի մասին չի:
– Իսկ Դուք Ձեր աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում որպես նախարար:
– Ինքնագնահատականով չենք զբաղվում: Մարզիկներից հարցրեք, սպորտաշխարհի ներկայացուցիչներից հարցրեք:
– Մտավախություն չունե՞ք, որ խնդիրներ կունենաք կառավարությունում, եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի ու հակադրվի գործող իշխանությանը:
– Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում: …Եկեք ուրիշ հարցեր բարձրացնենք: Եկեք մտածենք` ոնց անենք, որ սպորտն ավելի մասսայական լինի, եկեք մտածենք սպորտդպրոցների ոչ բարվոք վիճակից, որ քանդված են, երեխեքը մլաքում են պարապում, աշխատավարձերը 40 հազար դրամ ա մարզիչների: Այս պահի դրությամբ Սպորտի և երիտասարդության նախարարությունը այսօր ձեռնամուխ է եղել մի քանի գլոբալ խնդիրների լուծմանը, և խնդիրները օր օրի լուծվում են: Այդտեղ ներգրավված են և՛ պետական, և՛ մասնավոր միջոցներ:
– Օրինակ` ո՞ւմ մասնավոր միջոցներն են ներգրավված:
– Հիմնականում Ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներն են ներգրավված:
– Այսինքն` Դուք ներգրավում եք Գագիկ Ծառուկյանի միջոցնե՞րը:
– Ազգային օլիմպիական կոմիտեի միջոցները, նաև` Սամվել Կարապետյանն է, Արմեն Շահազիազյանն է օժանդակում, Արման Մուրադյանը: Օրինակ` ձեռքներդ դրեք խղճներիդ. էսօր աշխարհի առաջնություն ենք անցկացնում Հայաստանում, 68 երկրից մոտ 1000 մասնակից: Այսօր մի շարք հյուրանոցներում տեղ չկա, բոլորը սպորտսմեններ են: Ամբողջ աշխարհը ցույց է տալիս, Եվրոսպորտ ես նայում` Armeninan boxing federation, nice competition, բոլորը ցույց են տալիս, բոլորը գովաբանում են, իսկ Հայաստանի ոչ մի լրատվամիջոց մի անդրադարձ չի կատարում այդ առաջնությանը, թե ոնց անցավ:
– Հնարավո՞ր է Ձեզ բոյկոտում են հեռուստատեսությունները որպես նախկին ԲՀԿ-ական:
– Լավ էլի, ինչ եք ասում:
– Բա էդ դեպքում ի՞նչն է պատճառը:
– Եսիմ, ուղղակի սպորտը չեք սիրում:
– Բայց չէ՞ որ ֆուտբոլային խաղերը լայնորեն ցուցադրվում են: Փաստորեն անարդար վերաբերմունք է Ձեր հանդեպ, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստատեսությունները բավարար ուշադրություն չեն դարձնում բռնցքամարտի առաջնությանը:
– Ի՞նչ ասեմ:
– Դուք չե՞ք փորձել այդ հարցը պարզել որպես նախարար, թե ինչու չի բավարար լուսաբանվում այս մրցաշարը:
– Չեմ փորձել, ուղղակի մտահոգություն եմ հայտնում և խնդրում եմ լրատվամիջոցներին ավելի պրոպագանդեն սպորտը և այս կարգի բարձր միջոցառումները:
– Միջոցառման հիմնական հովանավորն ո՞վ է:
– Հիմնական հովանավոր են «Մուլտի գրուպը», «Մուրադին», «Լենմարկ», Անի պլազա:
– Միգուցե «Մուլտի գրուպն» է պատճառը, որ չեն ցանկանում գովազդել հեռուստատեսությունները: Սա, փաստորեն, որոշակի քաղաքականությո՞ւն է Ձեր դեմ կամ միգուցե «Մուլտի գրուպի» դեմ է:
– Գիտեք ինչ, ճապոնացի մարզիկը չի իմանում, որ կա ԲՀԿ կամ ՀՀԿ, ինքը եկել է Repablic of Armeina, նայում է մեր հուշարձանները, շփվում է մեր հայ ազգի հետ: Իմ կարծիքով` էս ամեն ինչն ավելի լավ կարելի է լուսաբանել, ավելի պայծառ, ավելի ուրախ: Էս պահին աշխարհում սրանից բարձր միջոցառում չկա:
– Փաստորեն, ՀՀԿ-ականների ու Ձեր վեճի արդյո՞ւնք է բոյկոտը:
– Ես նման բան չեմ ասել:








































