Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեմ: Այս մասին այսօր հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
«Միխեիլ Սաակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության են ենթարկվել Վրաստանի ՔՕ 333 հոդվածի 3-րդ մասով (ծառայողական լիազորությունների չարաշահում)»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ: Խոսքը 2005 թ. այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու դեպքի մասին է:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին չի բացառել, որ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ կարող են միջազգային հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: Սաակաշվիլիին և նրա մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:









































