Մեծ Բրիտանիայում Առաջին համաշխարհային պատերազմում երկրի ներքաշման 100-ամյակի առիթով անցկացվել է Lights Out՝ լույսերի անջատման ակցիա: Շատ մարդիկ երկուշաբթի երեկոյան անջատել են իրենց տների լուսավորությունը՝ թողնելով լույսի միայն մեկ աղբյուր: Այդպիսին կարող են լինել մոմը կամ հեռուստացույցը, նոթբուքը, բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մեկ ժամ տևած ակցիայի ընթացքում անջատվել են ոչ միայն բնակելի տների լույսերը, այլև թանգարանների, ուսումնական հաստատությունների և կառավարական շենքերի: Դրանց թվում է եղել վարչապետի նստավայրը՝ Դաունինգ-սթրիթում, մադամ Տյուսոյի թանգարանը, Արվեստի թագավորական ակադեմիան, «Լոնդոնյան աչք» անիվը և այլն:
Նախագիծը հայտնվել է՝ կապված Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդվարդ Գրեյի հայտնի արտահայտության հետ, որը նա արտասանել է 1914 թվականին: Մինչ օգոստոսի 4-ի ժամը 23.00-ը չստանալով Գերմանիայից պատասխան բրիտանական վերջնաժամկետի վերաբերյալ՝ Գրեյը, ԱԳՆ-ի պատուհանից նայելով լոնդոնյան մութ երկնքին, ասել է. «Ողջ Եվրոպայի վրա լույսն անջատվեց, մենք այն այլևս չենք տեսնի մեր կյանքի ընթացքում»: Հենց այդ խոսքերով էլ Մեծ Բրիտանիան ներքաշվել է Առաջին համաշխարհային պատերազմում:
Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային 1914-ի օգոստոսի 4-ին՝ այն բանից հետո, երբ Բեռլինը մերժեց Մեծ Բրիտանիայի առաջադրած վերջնաժամկետը Բելգիա ներխուժումը դադարեցնելու մասին: Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 700 հազար բրիտանացի:











































