Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժումը ստեղծում է սեփական պաշտպանության նախարարություն՝ Իսրայելի հետ հավանական ռազմական հակամարտության դեպքում նախապատրաստվելու շրջանակներում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով եգիպտական ռադիոկայանին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄԱՍ-ի կառավարության ներքին գործերի նախարար Ֆաթհի Համադը:
Համադը նշել է, որ շարժումը դիմում է այս քայլին Իսրայելի հետ նոր զինված հակամարտության դեպքում բացասական հետևանքներից խուսափելու և ուժային կառույցների գործունեությունում նորարարություն մտցնելու համար:
Ֆաթհի Համադը նախազգուշացրել է, որ Իսրայելի հետ «նոր պատերազմները» կլինեն ավելի դաժան, և ընդգծել է, որ իրենք վճռականորեն են տրամադրված Պաղեստինի ազատագրության հարցում:
Այս նախագծի իրականացման դեպքում պաղեստինցիներն առաջին անգամ կունենան իրենց պաշտպանության նախարարությունը: Մինչև հիմա այս գերատեսչության գործառույթները իրականացնում էր ներքին գործերի նախարարությունը, որը ղեկավարում է ինքնավարության ինչպես Գազայի, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր ուժային կառույցները:








































