Ավելի քան 50 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ կմասնակցեն Դուբլինում այսօր մեկնարկելիք ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի 19-րդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով ԵԱՀԿ-ի մամլո քարտուղար Ֆրանե Մարոևիչը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումից հետո սա ԱԳՆ ղեկավարների երկրորդ կարևոր հանդիպումն է, որին նման մեծ թվով արտգործնախարարներ են մասնակցում: Երկօրյա հանդիպման մասնակիցներն են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ արտքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՌԴ արտգործնախարր Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի այլ երկրների արտգործնախարարներ:
Հանդիպմանը կքննարկվեն անդրազգային սպառնալիքներին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդկանց առևտրին, կիբերանվտանգությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
«Այժմ 57 երկրների դիվանագետներ աշխատում են փաստաթղթերի վրա, որոնք պետք է քննարկվեն, և հավանաբար, ընդունվեն հանդիպման արդյունքում: ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, և մեր հանձնարարությունն է, որպեսզի բոլոր երկրները ընդհանուր հայտարարի գան»,- ասել է Մարոևիչը:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե փաստաթղթերի ինչ քանակություն կընդունվի հանդիպման շրջանակում, քանի որ դրանք գտնվում են քննարկման փուլում, իսկ մասնակից երկրներից ստացվում են նորերը:
ԵԱՀԿ-ում բոլորը անհանգստություն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Այդ մասին հայտարարել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Առևտրի և արտաքին գործերի նախարար Իմոն Գիլմորը՝ ամռանը Բաքու և Երևան կատարած այցի ընթացքում:











































