Նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի է ունեցել ԱՊՀ հերթական գագաթնաժողովը, որի շրջանակում նաև տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը: Առանձնազրույցի մասին մանրամասներ հայտնի չեն, հայտարարություններ չեն եղել, իսկ պաշտոնական հաղորդագրությունն էլ ընդամենը արձանագրում է, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Չկան նաև լուսանկարներ կամ տեսագրություն: Հավանաբար Պուտինի վնասվածքները կրկին մեջտեղ չբերելու համար, ինչպես եղավ Թուրքիայում: Սովորաբար նման սուղ հաղորդագրությունների տակ թաքնվում են բավական լուրջ և էական քննարկումներ, և ըստ ամենայնի Պուտինի և Սարգսյանի առանձնազրույցը առանձնացել է հենց սրանով:
Այստեղ ուշագրավ է երկու հանգամանք: Հայաստանի նախագահական ընտրությունները, ինչպես նաև Եվրասիական միությունը և այդ կոնտեքստում Պուտինի վերջին այցը Թուրքիա: Պուտինն Աշգաբադ մեկնելուց անմիջապես առաջ եղել էր Թուրքիայում: Ռուսաստանը կարծես թե սկսում է Հայաստանին Եվրասիական միություն մղելու նոր ալիք: Այս տեսանկյունից շատ հետաքրքրական հայտարարություն էր այն, որ Ռուսաստանը կողջունի Մաքսային միությանը անդամակցելու Թուրքիայի հավանական ցանկությունը: Նման հայտարարություն Աշգաբադից առաջ և Թուրքիա այցից հետո արեց ՌԴ նախագահի մամլո խոսնակը ռուսական լրատվամիջոցներով: Այսինքն` ակնհայտ է, որ այս հայտարարությունն իր մեջ պարունակում էր Հայաստանի վրա առնվազն բարոյական ճնշում գործադրելու նպատակներ: Մոսկվան այս ամենն անկասկած զուգորդելու է Հայաստանի նախագահական ընտրություններով:
Այստեղ, սակայն, չի բացառվում, որ Կրեմլի համար տվյալ պահին ոչ այնքան կարևոր է Եվրասիական միությունը, ինչքան կարևոր է այդ գաղափարի միջոցով ճնշման իմիտացիա ձևավորելն ու այդ ճանապարհով Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում որոշակի զիջումներ պարտադրելը: Թե ինչպիսին կլինեն այդ զիջումները, այսինքն` հատկապես ի՞նչ տեսքով դրանք կպահանջի Ռուսաստանը, ասելը բնականաբար դժվար է, քանի որ այդ մասին տեղեկատվություն գոնե առայժմ չկա: Սակայն կասկած չկա նաև, որ բովանդակային իմաստով այդ ամենը ենթադրելու է Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացում ռուսական շահերի էական արտահայտվածություն: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը ձևի հարցում այնքան էլ բծախնդիր չլինի և ձևն ընտրելու տարբերակը թողնի Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի վիճակն այս առումով բավականին բարդ է, որովհետև չնայած նա կարծեք թե ունի եվրոպական աջակցություն, այնուհանդերձ չունի ֆինանսներ, որ նրան այնքան անհրաժեշտ են տնտեսական կյանքը պահելու համար: Եվրոպան տալիս է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, ինչը Սերժ Սարգսյանի համար քիչ է: Մոսկվան այդպիսի սկզբունք չի դնում, բայց կարծեք թե փող չի էլ տալիս: Թեև Մոսկվայի պարագայում խնդիրն այն է, որ բացի չտալը, Կրեմլը կարող է նաև փող տանել Հայաստանից, այսինքն` կիրառել տնտեսական չգրված պատժամիջոցներ: Սերժ Սարգսյանը հայտնվել է, իհարկե, բավական բարդ իրավիճակում, բայց առավել բարդ իրավիճակում է Հայաստանը, քանի որ ինչ տարբերակով էլ Սարգսյանը լուծի իր հարցերը, կարծես թե նկատելի է, որ այդ տարբերակներից որևէ մեկում Հայաստանի համար կարևոր և հիմնարար հարցեր, գոնե այս փուլում, չեն լուծվելու:











































