Վրաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին առաջացած «հակամարտությունը շուտով արմատախիլ կարվի»: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ «քաղաքակիրթ աշխարհին ևս մեկ սառեցված հակամարտություն հարկավոր չէ»:
«Մենք մեծ անհանգստությամբ ենք հետևում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Ես լիովին վստահ եմ, որ ո՛չ մեր տարածաշրջանին, ո՛չ ողջ աշխարհին ևս մեկ սառեցված հակամարտություն հարկավոր չէ, լարվածության ևս մեկ օջախ, այդ պատճառով ես վստահ եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն և կարող են հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով տանել »,- ընդգծել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:
Փանջիկիձեն մեծ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկու կողմից էլ զոհեր են լինում, և հույս ունի, որ առաջին հերթին հենց դա կդադարեցվի:
«Որքան գիտեմ, արդեն հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, և դա ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը կվերանա»,- նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:








































