ԱՄՆ-ում «ֆիսկալային անդունդի»-ի վերաբերյալ համաձայնությունը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում, եթե հանրապետականներն ընդունեն հարուստ ամերիկացիների հարկերի ավելացման անհրաժեշտությունը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Խոշոր ընկերությունների ղեկավարների հետ կլոր սեղանի շուրջ հանդիպման ժամանակ Օբաման զգուշացրել է հանրապետականներին, որ ինքը «խաղեր չի խաղում» և չի հանդուրժի հանրապետականների՝ հարկերը բարձրացնելուց հրաժարվելու սպառնալիքները՝ Սպիտակ տան կողմից զիջումներ կորզելու նպատակով։
Նախագահն ասել է, որ Եվրոպայի տնտեսությունը դեռ երկար ժամանակ դեպրեսիայի մեջ կլինի։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ «ֆիսկալային անդունդը» ենթադրում է 2013 թվականի հունվարի մեկից հարկային զեղչերի դադարեցում և վերադարձ դեպի 2001 թվականի հարկերի չափերին:
Ըստ փորձագետների՝ եթե ԱՄՆ իշխանություններն այդպես էլ չկարողանան միջկուսակցական համաձայնության գալ՝ «ֆիսկալային անդունդից» խուսափելու համար, ապա ամերիկյան տնտեսությունը կարող է ճգնաժամի մեջ հայտնվել։








































