Հորդառատ անձրևների պատճառով, որոնք ուղեկցում են «Նակրի» թայֆունը և առաջացրել են գետերի վարարումներ ու սողանքների վտանգ, Ճապոնիայի հարավային Տոկուսիմա պրեֆեկտուրայում 61 հազար բնակչի խորհուրդ է տրվել լքել բնակավայրը՝ հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Մի շարք շրջաններում մարդկանց տարհանում են փրկարարական նավակներով։ Կայոտյո քաղաքում գրանցվել են 112 մմ տեղումներ մեկ ժամում։ Կոտի պրեֆեկտուրայում այն կազմել է 120 մմ։ Օդերևութաբանները զգուշացնում են Այտի, Տոկուսիմա, Կոտի և Միյաձակի պրեֆեկտուրաներում լեռնային զանգվածի փլուզման ու սողանքների ահագնացող վտանգի մասին։
«Նակրի» թայֆունն անցնում է Կյուսյու կղզու ափի երկայնքով դեպի Կորեական թերակղզի։ Մինչև վաղն առավոտ Սիկոկու կղզում սպասվում են ավելի քան 400 մմ տեղումներ։ Կյուսյուի հյուսիսում՝ մինչև 200 մմ։
Ճնշումը թայֆունի կենտրոնում 980 հեկտոպասկալ է, քամու արագությունը՝ 30-40 մետր/վրկ։











































