Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը սկսել է ներդրումներ անել Աքքույուի ատոմակայանի նախագծում, որը կհանդիսանա Թուրքիայի առաջին ատոմակայանը:
Տվյալ նախագծի իրագործման համար ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 20 միլիարդ դոլար: Էրդողանի խոսքերով՝ սկզբնական շրջանում նախագծում ներդրվելու է 2.5 միլիոն դոլար: Նախագծում արդեն իսկ ներդրվել է 700 միլիոն դոլար, և ակնկալվում է, որ մոտ ժամանակներս դրանում կներդրվի ևս 800 միլիոն դոլար:
Էրդողանն ընդգծել է, որ Աքքույուի ատոմակայանի նախագծի ներդրումները հանդիսանում են Թուրքիայում ցայժմ իրականացված նախագծերում կապիտալի խոշորագույն ուղիղ ներդրումը: Աքքույուի ատոմակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսին: Ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ՝ ընդհանուր 4800 մեգավատտ:
Ենթադրվում է, որ ատոմակայանների էներգաբլոկները շահագործման կհանձնվեն տարեկան կտրվածքով: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրքական ատոմակայաններն էլեկտրաէներգիա կարտադրեն մինչև 2019 թվականը, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան:









































