Ռուսական ITAR-TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր քաղաքական հակառակորդ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկել է տետ-ա-տետ բանակցություններ վարել միմյանց միջև առկա հակասությունների կարգավորման համար: Այս մասին այսօր գրել է բրիտանական Financial Times թերթը, որին հարցազրույց է տվել Սաակաշվիլին:
Բրիտանական թերթը գրում է. «Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է իր նախագահության վերջին ամիսներին՝ մինչև հոկտեմբեր, երկրի ներքին գործերի վերահսկողությունը հանձնել Իվանիշվիլիի գլխավորած կառավարությանը և ամբողջովին կենտրոնանալ միջազգային հարաբերությունների վրա: Նա Իվանիշվիլիին կոչ է արել տետ-ա-տետ բանակցություններ վարել՝ վերջ դնելու համար քաղաքական փակուղային իրավիճակին:
Վրաստանի նախագահի ու վարչապետի միջև կոնֆլիկտը կարող է արևմտյան երկրներին ստիպել հրաժարվել Վրաստանին աջակցելուց: Դա կթուլացնի Վրաստանի դիրքերը Ռուսաստանի հետ դիմակայությունում, որը գլխավոր հակառակորդն է: Ես ամենաշատն անհանգստանում եմ նրա համար, որ Վրաստանը չհայտնվի մենության, մեկուսացման ու խոցելի իրադրության մեջ: Վրաստանը կարող է բախվել այնպիսի վտանգի, որ մեր ավանդական դաշնակիցները կարող են հիասթափվել և լքել մեզ»:
Սաակաշվիլին նաև դժգոհություն է հայտնել, որ Իվանիշվիլիի կառավարությունը քրեական գործեր է հարուցել իր համակիրների դեմ:








































