Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ որոշում ընդունելու հարցում Ադրբեջանը միանշանակ առաջնորդվում է ազգային շահերով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայում Ադրբեջանն ու Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցում են փորձագետների մակարդակով: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը լրանում է 2012 թվականի դեկտեմբերի վերջին, և Ռուսաստանը մտադիր է այն երկարաձգել մինչև 2025 թվականը:
Սակայն Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել տարեկան վարձավճարի չափը՝ այն 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի: Չի բացառվում, որ ներկայում կողմերը կարող են Գաբալայի ՌՏԿ-ի հարցում ստորագրել միջանկյալ պայմանագիր՝ նախատեսված 3-4 տարվա համար:











































