Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին Քրդստանի իշխանություններին մեղադրել է ներքին կոնֆլիկտներ հրահրելու մեջ՝ մեկնաբանելով Կիրկուկա քաղաքի (վիճելի տարածք է Քրդստանի և Բաղդադի միջև) մերձակայքում քրդերի զինված ստորաբաժանումներ տեղակայելու մասին լուրերը, որը նրա խոսքերով զինադադարի խախտում է հանդիսանում։ Այս մասին տեղեկացնում է «Ալ-Ալյամ» հեռուստաալիքը:
«Դա անպատասխանատու քայլ է, որը տանում է ներքին ճգնաժամի հրահրման և զգալի վնաս կհասցնի առաջին հերթին քուրդ ժողովրդին»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ: Ալ-Մալիկին կոչ է արել քուրդ ղեկավարներին «զերծ մնալ նմանատիպ գործողություններից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ճգնաժամ առաջանալու ընդհանուր ռիսկերը»:
Կենտրոնական իրաքյան իշխանությունների և Քրդստանի միջև հարաբերությունները վերջին ժամանակներս լարված են մի քանի տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ տարածքային, որը հաճախ վերածվում է երկու կողմերի ռազմական ուժերի միջև հակամարտության, մասնավորապես՝ նավթով հարուստ Կիրկուկի շրջանում:
«Ճգնաժամը հաղթահարելու համար կողմերը պայմանավորվել էին վիճելի տարածքներում ռազմական ուժեր չկենտրոնացնել և հնարավորինս զերծ մնալ ուղիղ ռազմական բախումներից»,– տեղեկացնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի օրը ծանր ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ Կիրկուկիին են մոտեցել քրդական հատուկջոկատայինները: Բնակիչները տեղեկացրել են, որ շատ ընտանիքներ լքում են քաղաքը: Քրդական իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը, սակայն նշել են, որ այդ ստորաբաժանումը եկել է փոխարինելու ծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին:











































