Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-6-ը Ադրբեջանում է գտնվելու Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետական քարտուղար, ադրբեջանա-հունգարական համատեղ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Փիթեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտարարել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հունգարական պատվիրակության կազմում կընդգրկվեն տնտեսական, բանկային և զբոսաշրջային ոլորտի, այդ թվում՝ նաև Vizz-Air ավիաընկերության ներկայացուցիչները:
Փիթեր Սիյարտոն Ադրբեջանում հանդիպելու է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի հետ: Ակնկալվում է նաև, որ հունգարական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ և մասնակցելու է Բաքվում «Հունգարիայի տան» բացման արարողությանը:
Հիշեցնենք, որ Հունգարիան այս տարվա օգոստոսի 31-ին տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որից հետո աշխուժություն է նկատվում երկու երկրների հարաբերություններում:








































