Նորելուկ կոնգրեսմենը ամերիկացի 2 բարձրաստիճան պաշտոնյաների համարել է Հնդկաստանի քաղաքացիներ՝ գրում է Foreign Policy-ն:
«Ես ծանոթ եմ ձեր երկրի հետ ու սիրում եմ այն»,- հայտարարել է հանրապետական Կլոուսոնը Նիշի Բիսվալի ու Արուն Կումարի հասցեին, որոնց Ասիա-խաղաղօվկիանոսյան հարցերով ենթակոմիտեի նախագահը լսումների սկզբին ներկայացրել էր որպես ամերիկացի պաշտոնատար անձինք:
Շփոթված նրանց անուններից ու մաշկի գույնից՝ Կլոուսոնը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչի՝ հանուն Հնդկաստանի հետ հարաբերությունների բարելավման:
Լսումների ընթացքում նա մի քանի անգամ փորձել է ցուցադրել Հնդկաստանի մշակույթի ոլորտում իր խորը գիտելիքները, մասնավորապես՝ հիշել է իր սիրած հնդկական ֆիլմերը: Ոչ ոք չի փորձել նրան զգուշացնել իր շփոթության մասին:
Կլոուսոնը միջազգային հարցերով ներկայացուցիչների պալատի կոմիտեում նորելուկ է, որի դեբյուտը կայացել է այդ օրը:
Ավելի ուշ նա հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել:











































