Այսօր Ազգային ժողովում «Վարչական օրենսգրքում» փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հերթական անգամ հնչեցրեց իր առաջարկը՝ օրենսգրքի առաջին գլուխն չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
«Առաջին գլխում օգտագործված տերմինաբանությունն աբսուրդ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այն պարունակում է «սոցիալիստական սեփականություն», «ԽՍՀՄ պահպանություն» և նման ոգով այլ հասկացություններ. «Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ամոթ ենք ապրում, որ խոսում ենք մի կայսրության մասին, որ արդեն 20 տարի գոյություն չունի»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայնեց, որ կարելի է քննարկել 1-7-րդ կետերը չեղյալ հայտարարելու հարցը, և նշեց, որ, ամեն դեպքում, տասնյակ այլ հոդվածներում այդ տերմինաբանությունը կրկնվում է: Նա ասաց, որ Վարչական օրենսգիրքն ամենաբարդերից մեկն է, առնչվում է բոլոր ոլորտներին, և նշելով, որ հայեցակարգն արդեն հաստատվել է՝ հույս հայտնեց, որ մինչև հաջորդ տարի նոր օրենսգիրք կներկայացվի պատգամավորների ուշադրությանը:
«Դա ինձ անձամբ պետք է բարոյական բավարարվածություն զգալու համար: Կար անկեդոտ. մի մարդ գնում է կրպակ, ասում է՝ ինձ «Պրավդա» տվեք, ասում են՝ քանի անգամ ասենք՝ «Պրավդա» գոյություն չունի, ԽՍՀՄ-ը փլուզվել է: Ասում է՝ напоминайте, напоминайте… Հիմա մենք չենք ուզում, որ այս օրենքով հիշեցնեք, որ կա Սովետական միության ուրվականը»,- նկատեց Ա. Արզումանյանը:










































