Իսրայելի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ դիմել են Հորդանանի կառավարությանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու առաջարկով: Այս մասին հաղորդում է իսրայելական MIGnews-ը՝ վկայակոչելով Իրսայելի և Հորդանանի հետախուզության աշխատակիցներին:
Իսրայելը Հորդանանից «թույլտվություն է» խնդրում՝ ավիահարվածներ հասցնելու Սիրիայի քիմիական զենքի պահեստների մի մասին: Սակայն Հորդանանը կարծում է, որ «դեռևս ժամանակը չէ» նման միջոցների դիմելու համար:
Հարկ է նշել, որ Իսրայելը կարող է հարձակում գործել անհրաժեշտ օբյեկտների վրա, առանց Հորդանանի թույլտվության: 2007 թ. Իսրայելի ռազմա-օդային ուժերը ոչնչացրել են սիրիական ատոմային հրթիռ, սակայն Իսրայելին մտահոգում է Հորդանանի արձագանքը:
Սիրիայի քիմիական զենքի պահեստների մեծ մասը տեղակայված է սիրիա-հորդանանյան սահմանի երկայնքով: Այդ պատճառով Հորդանանը նախընտրում է չհրահրել Ասադին:
Չնայած այն հանգամանքին, որ Հորդանանը դեռևս պաշտոնական «թույլտվություն» չի տվել Իսրայելին սիրիական քիմիական զենքի պահեստները ոչնչացնելու համար, երկու երկրները սերտ համագործակցում են անվտանգության հարցերում:
Հորդանանը զգուշավորություն է ցուցաբերում սիրիական վարչակարգի դեմ ուղղված գործողությունների հարցում, սակայն դարձել է հակաասադական գործունեության գլխավոր օջախ: Որոշ աղբյուրների տեղեկատվության համաձայն ՝ ԱՄՆ-ի, Հորդանանի հետախուզական ծառայությունները և Պարսիցի ծոցում նրանց դաշնակիցները ստեղծել են միասնական օպերատիվ շտաբ, որը համակարգում է Սիրիայի իշխող վարչակարգի տապալման գործողություններ:
Նշենք, որ շտաբը ստեղծվել էր Սիրիայում Թուրքիայի և Կատարի ազդեցությանը դիմակայելու համար, որոնք աջակցում են Ասադի հակառակորդների ծայրահեղական տրամադրվածությանը և Սիրիայի տարածքում գործող միջազգային ջիհադական ահաբեկչական խմբավորումներին:











































