Լեռնաձորում ուրանի հնարավոր շահագործման գաղափարն իսկ յուրաքանչյուր սյունեցու մեջ սարսափ եւ բողոք է առաջացնում: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, մշակույթի պալատի մոտ հանրահավաք է կազմակերպվում` հանքի հնարավոր շահագործման եւ նախապատրաստական աշխատանքների դեմ: Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է, որ հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, կարգախոսներ են պատրաստվում, մոտակա գյուղերում իրազեկման աշխատանքներ են տարվում: Նրա խոսքերով, իրենք միայն հանրահավաքով չեն սահմանափակվի. այս անգամ արդեն դիմելու են միջազգային ատյաններ` հարցի լրջությունը բարձրացնելու համար: Ըստ նրա` այս ցույցը շատ նման է լինելու 88-ի ցույցներին: