Հնարավոր է, ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան: Խորհրդարանից երեկ հաստատել են «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններն այն մասին, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Աժ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «ՀԺ» թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել Աժ նախագահը, պատասխանել է՝ դա օրենքի պահանջ է: «Օրենքով մենք ունենք պարտականություն` հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում»,- ասել է Հարությունյանը: Բայց Աժ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում` թերթի թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բայց մեր պարտականությունն է` հանձնել»:
Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը թերթի թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակը Աժ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել և չեն նշել, թե նպատակը որն է: Գրիգորյանը, սակայն, հիշեցրել Է Աժ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն` Աժ նիստերից, հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատավարձ չի վճարվում բացակա օրերի համար:









































