Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով հինգ մարդ է զոհվել: Ավելի քան 1381 մարդ ջերմային հարվածներով հիվանդանոցներ են տեղափոխվել, նրանցից հինգը ծանր վիճակում են: Այս մասին է հաղորդում Ճապոնիայի կենտրոնական հրշեջ ծառայությունը, որն այստեղ արտակարգ իրավիճակների ծառայության և շտապօգնության գործառույթներ է կատարում, գրում է ITAR-TASS-ը:
Վարչության տվյալներով՝ անցած շաբաթվա սկզբից ամբողջ երկրով մեկ շոգի պատճառով 12 մարդ է զոհվել, հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հազարը: Տուժածների մեծամասնությունը տարեցներ են: Ջերմաչափերը կայուն՝ 30 աստիճանից բարձր են ցույց տալիս: Որոշ վայրերում ջերմաստիճանը հասել է 39-ի, իսկ Տոկիոյում այն գրեթե 35 աստիճան է:
Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը կոչ են անում շատ ջուր խմել և փողոց դուրս չգալ գլխաբաց: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այս ջերմաստիճանը Ճապոնիայի հիմնական տարածքում կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը: Միևնույն ժամանակ երկրի հյուսիսում արդեն վաղը կտեղան վաղուց սպասված անձրևները, որոնք հնարավոր է՝ չափազանց հորդառատ լինեն և կարող են ջրհեղեղների ու սողանքների պատճառ հանդիսանալ:











































