Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է գալիք մրցաշրջան իր սպասելիքներով.
-Արդեն 10 տարի «Արսենալ»-ը չի կարողանում դառնալ Անգլիայի առաջնության հաղթող: Արդյո՞ք կկարողանա «Արսենալ»-ը այս տարի նվաճել չեմպիոնական տիտղոսը:
– Մենք տիտղոսի համար պայքարում էինք նախորդ մրցաշրջանում: «Արսենալ»-ը 128 օր ընթանում էր առաջին հորիզոնականում: Ունեինք մի շարք վնասվածքներ, իսկ պայքարը շատ թեժ էր: Կարծում եմ, որ այս տարի նույնպես անզիջում պայքար կծավալվի:
Մենք պատրաստ ենք մրցակցությանը և հաղթանակների ծարավ ունենք: «Արսենալ»-ը վստահ է իր ուժերին, սակայն երբեք չես իմանա, թե որքան լավ են պատրաստ քո մրցակիցները: Երևում է, որ ԱՊԼ-ում պայքարը թեժ է լինելու:
– Որքա՞ն հեշտ էր գլխավորել «Արսենալ»-ը այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի պես ակումբները կարողանում էին այնքան գումար ծախսել, որքան ցանկանում էին:
-Շատ դժվար էր, քանի որ ակումբում բարձր են հաջողության հասնելու պահանջները: Հիշում եմ, որ մինչ Գազիդիսի նշանակվելը մենք նստում և մտածում էինք, թե ինչպես պետք է գոյատևենք:
Բայց այժմ «Արսենալ»-ի համար նոր դարաշրջան է սկսվել: Այն ժամանակները, երբ մենք ֆինանսական խնդիրներ ունեինք այլևս չկան: Այլևս անցյալում են նաև այն ժամանակները, երբ մի շարք ակումբներ անսահման գումարներ էին կարողանում ծախսել: Հիմա ֆինանսական ֆեյր-փլեյը հավասարեցրել է բոլոր ակումբների հնարավորությունները:
-Արդյո՞ք հեշտ էր պահել կենտրոնացումը թիմում, երբ գիտեիք, որ ակումբը չեմպիոնության համար չի պայքարում:
– Անձամբ ես միշտ մտածում եմ հաջորդ խաղի մասին: Բայց հաճախ մենք չենք հասկանում, թե որքան արագ է ամեն ինչ փոխվում ակումբից դուրս: Այն զգացումը, երբ հասկանում ես, որ հայտնվել ես մեկուսացման մեջ: Ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում: Դա լինում է երբ շատ ես կենտրոնացած լինում խաղի վրա՝ չնայելով ապագային: Գուցե դա լավ է, որ մենք այս ամենը մինչև վերջ չենք հասկանում:
Մի անգամ ես իմ նախկին խաղացողներից մեկին ասեցի. «Հանդիպումներից հետո հաճախ ես տուն եմ գնում՝ զգալով մի շարք երկրպագուների ցավը: Ես զգում եմ իմ մեղքը»: Իսկ ֆուտբոլիստը պատասխանեց. «Լավ է, որ դու սա ինձ ասում ես արդեն այն ժամանակ, երբ ես այլևս ֆուտբոլ չեմ խաղում: Եթե այս ամենը դու ինձ ասեիր այդ ժամանակ, ես այլևս խաղադաշտ չէի կարողանա դուրս գալ » »-, Վենգերի հարցազրույցի խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը:








































