Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի և օրենսդրորեն ամրագրի եվրոպական ձգտումները՝ միաժամանակ շարունակելով վայելել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր առավելությունները։
Այս մասին Միխայիլ Գալուզինը հայտարարել է RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ներկա իրավիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում՝ ռուսական կողմից Հայաստանից արտահանումների նկատմամաբ կիրառվող սահմանափակումներին և այդ ֆոնին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը։
Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Մոսկվային մտահոգում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեռևս 2025 թվականի փետրվարին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, և այդ մտահոգությունները, նրա խոսքով, Ռուսաստանը մշտապես փոխանցել է Հայաստանին։
Այս համատեքստում ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։










































