ԱՄՆ Միչիգան նահանգի քրեաբանները հանցագործությունների մի քանի տասնամյակների վիճակագրությունները հետազոտելիս հանգել են հետաքրքիր եզրակացության: Ըստ նրանց հանցագործությունների հանկարծահաս առատությունը և համաճարակները ստեղծվում են նույն օրենքներից ելնելով: Այլ կերպ ասած` սպանության հակումը նույնպիսի վարակ է, ինչպես հարբուխը կամ մեկ այլ վիրուս:
Քրեաբանները իրենց հետազոտություններում կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք կիրառում են բժիշկները համաճարակային իրավիճակներ ուսումնասիրելիս: Այս դեպքում, սակայն, կիրառվել են Նյուարքում (Նյու Ջերսի նահանգ) 1982-2008թթ. կատարված հանցագործությունների տվյալները:
Ըստ հետազոտությունների ղեկավարներից մեկի` Միչիգանի ինստիտուտի գիտաշխատող Էյփրիլ Զեոլիի, բռնությունը և սպանության մոլուցքը հիվանդության վիրուսի պես մի մարդուց անցնում է մյուսին:
Զեոլին նաև նշել է, որ հանցագործություն ծնելու հիմնական պատճառներից մեկը վախն է: Անգամ օրինապաշտ քաղաքացիները, երբ ապրում են վտանգավոր շրջաններում, ինքնապաշտպանության նպատակով դրսևորում են սպանություն կատարելու հակում: Ձեռք են բերում հրազեն և պատրաստ են օգտագործել առաջին իսկ դեպքում:
Նյուարքը աչքի է ընկնում հանցագործությունների մեծ քանակով, որը և գիտնականներին նման հետազոտության է դրդել: 26 տարիների ընթացքում տարեկան սպանությունների թիվն այստեղ ԱՄՆ միջին ցուցանիշը գերազանցում է 3.5-5 անգամ: Ընդհանուր առմամբ վերլուծության է ենթարկվել 2366 հանցագործություն:
Ըստ գիտնականների վարկածի` վիրուսը կարող է փոխանցվել երկրի ֆիզիկական տարածությունների միջև:
LiveScience -ը գրում է, որ 1980-ականներին սպանությունների մեծ մասը կատարվում էին Նյուարքի կենտրոնում, սակայն հետո «բռնության կենտրոնը» տեղափոխվեց քաղաքի հարավային և արևմտյան մասեր: Քաղաքի հյուսիսային մասում, որտեղ բնակեցված են ներգաղթյալները, ցածր է սպանությունների մակարդակը: Գիտնականների կարծիքով, այնտեղ բնակվող լատինաամերիկացիների մեջ դեռ ուժեղ են համայնքային հարաբերությունները, և նրանք խնդիրները չեն լուծում զենքի միջոցով:
Մեծ է հանցագործությունների թիվը աղքատ թաղամասերում:
Գիտնականները հույս ունեն, որ «վիրուսի» հայտնաբերումը կօգնի կանխարգելել հանցագործությունների պատճառները: «Քրեական վարակի» պատճառներից է նաև կրթական ցածր մակարդակը:
Սա առաջին գիտական փորձն է, երբ հանցագործությունների հետազոտման համար կիրառվում է համաճարակային մոտեցում:









































