Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի սրտի ռիթմը Լուսնի վրա վայրէջքի ժամանակ դարձել է երաժշտական ստեղծագործության մեջ ռիթմիկ նկարի հիմք՝ հայտնում է The Huffington Post-ը: Բեռլինում աշխատող երգչուհի Լուիզա Գոլդը ձայնագրել է Ջոն Լենոնի Oh My Love երգի քավեր տարբերակը:
45 տարի առաջ ձայնագրված տիեզերագնացի սրտխփոցների ձայնը, երբ նա 1969-ի հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա, Գոլդը լսել է այդ իրադարձությանը նվիրված ռադիոծրագրով: Գոլդի խոսքով՝ իրեն ապշեցրել է «ուժեղ և միաժամանակ հանգստացնող ձայնը, որը կարող էր հրաշալի ռիթմիկ հիմք դառնալ երաժշտական ստեղծագործության համար»:
Գործում օգտագործվել են նաև Արմսթրոնգի ձայնն ու Վեներայի էլիպսային ուղեծրի ձայնը, որը ձայնագրել է NASA-ի Voyager 1 զոնդը: YouTube-ում հրապարակված տեսաշարի հիմքում կազմված քրոնիկայի կադրերն են, որոնք արվել են 1969թ. լուսնային արշավի ժամանակ:









































