ԱՄՆ-ը և մի շարք այլ արևմտյան դաշնակիցներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նախազգուշացրել են ապստամբների դեմ պայքարում քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին: Այդ ուղերձը Դամասկոս է հասցվել «Ռուսաստանի և այլ միջնորդների» միջոցով: Այս մասին New York Times-ին հաղորդել է եվրոպացի պաշտոնյան:
Պարբերականի տվյալներով՝ նախազգուշացման առիթը արևմտյան հետախուզությունների կողմից Սիրիայի քիմիական զենքի պահեստների շուրջ ֆիքսված արտասովոր ռազմական ակտիվությունն է:
«Գործունեությունը, որին մենք հետևել ենք, մատնանշում է քիմիական զենքի հնարավոր նախապատրաստումը»,- թերթին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:
Պենտագոնի գնահատականներով՝ Սիրիայում քիմիական զենքը վերահսկողության տակ վերցնելու օպերացիան 75 հազար զինվորական է պահանջում: Սակայն չկա ոչ մի նշան առ այն, թե նման օպերացիայի նախապատրաստում է սկսվել՝ գրում է New York Times-ը:
Իսրայելցի պաշտոնյաները ենթադրում են, որ քիմիական զենքի պահեստների շուրջ ակտիվությունը պարզապես հնարք է սիրիական իշխանությունների կողմից, որոնք այդ կերպ նախազգուշացնում են Արևմուտքին այն պահին, երբ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը քննարկում են ընդդիմության աջակցումը մեծացնելու հնարավորությունը:









































