Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է ԱԺ Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ կենտրոնի գրասենյակի ղեկավար Ռուբեն Սադոյանին կառուցապատում իրականացնել Կենտրոնի կանաչ տարածքի հաշվին: Խոսքը Քաջազնունու փողոցի 4/1 և 4/3 հասցեում գտնվող բակային կանաչ տարածքի մասին է, որը գտնվում է ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Յունիգրաֆ-իքս» ընկերության հետնամասում:
Քանի որ Երևանի Կենտրոնում չկառուցապատված բավական քիչ կանաչ տարածք կա, ապա փաստորեն փողոցներին հարակից բակային կանաչ տարածքներն այժմ ևս մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Չնայած քաղաքապետարանի թույլտվության մասին վկայող կառուցապատման ցուցանակի վրա գրված է, որ կանաչ տարածքում կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք և պատվիրատուն Էմմա Արիստակեսյանն է, մեզ հայտնի է դարձել, որ այդտեղ է տեղափոխվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը և կառուցապատողը հենց «Յունիգրաֆ-Իքսն» է: Հայտնի է, որ «Յունիգրաֆ-իքսը» պայքարում է թափառող շների դեմ` քաղաքապետարանի գումարներով. հաղթող է ճանաչվում մրցույթներում ու իրականացնում քաղաքապետարանի պատվերը: Ի դեպ, «Յունիգրաֆի» ներկա շինությունը ևս մայթի գազոնի հաշվին է կառուցվել ժամանակին:
Փաստորեն, Կենտրոնից ընտրված ՀՀԿ պատգամավորը, ով Գագիկ Բեգլարյանի հովանավորյալն է, ոչ միայն քաղաքում թափառող կենդանական աշխարհի դեմ է պայքարում, այլև բուսական. Տարոն Մարգարյանի թույլտվությամբ գրավում է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքները: Այսպիսով, Քաջազնունի փողոցի մայթերի բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին, իսկ Տարոն Մարգարյանը շարունակում է թույլտվություններ տալ և կանաչապատել քաղաքապետարանի մերձակայքը:
Ուշագրավն այն է, որ Ռուբեն Սադոյանը Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի եղբայրն է, ով ի պաշտոնե պարտավոր է ամեն ինչ անել Կենտրոնի կանաչ տարածքները պահպանելու համար: Մինչդեռ նույն փողոցում մնացած սակավաթիվ գազոնները որևէ կերպ չեն մշակվում:
Ռուբեն Սադոյանը թեև արդեն երկրորդ անգամ է Գագիկ Բեգլարյանի աջակցությամբ պատգամավոր ընտրվում Կենտրոնից, այնքան էլ ճանաչված չէ բնակչության կողմից: Ավելին` բնակիչները դժվարանում են հիշել նրա հանրօգուտ գործունեությունը ԱԺ-ում կամ տարածքում: Փոխարենն արձանագրում են, որ իրենց փողոցի գազոնները վերածվում են քարե կառույցների ու պատշգամբի դուռը բացելիս իրենք ոչ թե մաքուր օդ են շնչում, այլ մեքենաների գազի հոտն ու փոշի:
Սա, սակայն, կանաչ տարածքի հաշվին միակ շինարարությունը չէ այդ տարածքում. Այժմ շինարարություն է իրականցվում նաև Վարդանանց փողոցի գազոնում` ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների քննչական բաժնի հարևանությամբ:
Երևանի կանաչապատման մասին հայտարարություններ անող քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի նկատում կառուցապատումները կամ անխնամ ու տափաստանների վերածված գազոնները հատկապես այն դեպքում, երբ այդ տեղերում կառուցապատում իրականացնում է որևէ պաշտոնյա կամ թաղային հեղինակություն: Մի քանի ամիս առաջ նույն փողոցի մեկ հատվածի` իր «4×4» ավտոլվացման կետի հարևանությամբ գտնվող կառուցապատում իրականացրեց և այժմ «Մսի աշխարհ» է բացել Երևանի ԲՀԿ-ական ավագանի Արմեն Սահակյանը (Ծիտը): Մամուլի ու բնակիչների ահազանգին ի պատասխան քաղաքապետարանից` բողոքից մոտ մեկ ամիս անց, երբ կառույցն արդեն ավարտին էր հասնում, պատասխանեցին, որ իրենք գնացել ու ոչ մի նոր կառույց «չեն հայտնաբերել»` բացահայտ գործարքի գնալով կառուցապատողի հետ: Այդպիսով` իրենց գործն ավարտած համարեցին:
Ի դեպ, ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի «Յունիգրաֆ» ընկերության գործունեությանը և «Թափառող շների դեմ պայքարի» ծրագրի իրականացմանը, ապա այն ժամանակին հարուցել է բնապահպանների դժգոհությունը: Վերջին 6 տարվա ընթացքում քաղաքապետարանի պատվերով և պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից հատկացված գումարները տրամադրվում են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին «Թափառող շների դեմ պայքարի» ծրագիրն իրականացնելու համար, սակայն հայաստանյան կենդանապաշտպան կազմակերպությունները ֆիքսել են, որ չնայած «Յունիգրաֆ-Իքսը» պնդում է, որ 2010 թվականից շներին չեն սատկացնում, քնեցնում են, սակայն իրենց կայքի տվյալները հակառակն են փաստում…
Հ. Գ. Քաղաքապետարանից երեկ չպատասխանեցին մեր հարցին, թե իրավական ի՞նչ հիմքով է կառուցապատում կատարվում բակային տարածքում, որը իրականում պիտի կանաչապատվեր և ինչո՞ւ է շինթույլտվություն տրամադրվել կանաչ տարածքի հաշվին:









































