Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական գործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստի առթիվ:
Երեկ՝ ժամը 17:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից Ոստիկանության Բաղրամյանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել մի քանի քաղաքացիներ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացիներն են՝ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ 53-ամյա Գրիգոր Գրիգորյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ 56-ամյա Աշոտ Թովմասյանը, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ 34-ամյա Զարինե Հակոբյանը, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 52-ամյա Ռիտա Սիմոնյանը և Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 51-ամյա Աղավնի Ադամյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գ. Գրիգորյանի վարած «Վազ 2107» մակնիշի 21 ՍՏ 819 համարանիշի և Ա. Թովմասյանի վարած «Վազ 2106» մակնիշի 13 ՕՕ 423 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդներն ու ուղևորները տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
shamshyan.com-ը հայտնում է, որ ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 2107»-ի վարորդ Գ. Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:
Ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանման վայր:








































