Հարյուրավոր ցուցարարներ են մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում քաղաքային «Մարականա» մարզադաշտը մասնավորեցնելու կառավարության ծրագրերի դեմ կազմակերպվող երթին:
BBC-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները հագել էին ավանդական հնդկացիական հագուստ և պարզել պաստառներ՝ ««Մարականան» պատկանում է մեզ» գրությամբ:
Ցուցարարները հայտարարում են, որ լեգենդար մարզական համալիրը քաղաքի խորհրդանիշն է` այնպես,ինչպես հնդկացիական մշակույթի թանգարանը, որը համալիրի մի մասն է և գտնվում է կործանման եզրին:
Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ իշխանությունները չեն խորհրդակցում հասարակության հետ մարզադաշտի վերակառուցման հարցում, և պատրաստվում են քանդել օժանդակ շինությունները:
Ռիոյի կենտրոնում գտնվող մարզադաշտը վերանորոգման նպատակով փակվել է անցած տարի: Քաղաքապետի խոսքով՝ դրա բացումը նախատեսված է հաջորդ տարվա հունիսին:
Մարզադաշտի կապիտալ վերանորոգումը կատարվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, որը Բրազիլիայում կանցկացվի երկու տարի անց: Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո մարզահրապարակը լիովին կհամապատասխանի ՖԻՖԱ-ի պահանջներին:











































