Հայաստանի քաղաքացիներն արտասահմանից տարեկան միայն 2 անգամ ծանրոց ստանալու իրավունք ունեն, և եթե այն չի գերազանցում 150 հզ. դրամը, ապա մաքսազերծման ենթակա չէ: Մեր երկրում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունը տրանսպորտային փոխադրումների ոլորտից առանձնացված է: Ծանրոցների, նամակների, փաթեթների տեղափոխումը, ինչով զբաղվում են DHL-ը, GMG-ն, «Ամերիքըն էքսպրես»–ը, լիցենզավորված գործունեություն է:
«Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ժամանակին փորձել են համագործակցել Լիոնում, Փարիզում, Մարսելում գրասենյակների հետ, որոնք զբաղվում էին միայն որոշակի քանակի ու ծավալի արկղերի տրամադրումով, որտեղ բարձված բեռը 40 եվրոյի դիմաց ստանում եք Երևանում:
«Բայց բավականին բարդ է Հայաստանում՝ զուտ փոխադրումների իմաստով: ՀՀ-ում կանխատեսված է, որ որոշակի մաքսային արժեքի շրջանակներում քաղաքացին ծանրոց իրավունք ունի ստանալ տարին երկու անգամ: Հակառակ դեպքում, եթե նա ամեն օր կարողանա ծանրոց ստանալ, նա որոշակի բեռ կբերի ու բիզնես կանի՝ խուսափելով հարկերից: Հավանաբար այդ նկատառումներից ելնելով է այդպես սահմանափակվել: Հակառակ դեպքում կլինի կոմերցիոն գործունեություն, և պետք է հարկվի այլ մեխանիզմներով»,- ասաց Գ. Աղաջանյանը:










































