«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
– Հայաստանը ակտիվ քաղաքական փուլում է՝ պայմանավորված առաջիկա նախագահական ընտրություններով։ Անցավ Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարին։ Հայտնի է, որ ձեր կուսակցությունը նրան առաջադրել է երկրորդ անգամ։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, ձեր կուսակցությունը և ձեր թեկնածուն պետք է ներկայացնեն, թե ինչ են արել վերջին հինգ տարվա ընթացքում։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին և ի՞նչ պաշարով եք դուք ներկայանում հանրությանը։
– Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի բարդացրեց նախընտրական փուլում խոստացած հնարավորությունների իրագործումը։ Բնականաբար, մեր տնտեսությունն ունեցավ որոշակի վայրիվերումներ, բայց կառավարման հմտությունն էլ հենց բացասական գործոնների ազդեցությունը առավելագագույնս նվազեցնելն է, և մեր կուսակցությանը, մեր նախագահին ու մեր կառավարությանը հաջողվեց բարելավել տնտեսական չափանիշները։ Ներքաղաքական ոլորտում անուրանալի է նախագահի գործունեությունը։ Նա իշխանության եկավ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ հասարակության մեջ բևեռացում էր ու թշնամանք։ Նախագահի հիմնական գործառույթը հասարակության մեջ հավասարակշռությունը պահելն է։ Մենք գնացինք այդ ճանապարհով, և ակնհայտ են հաջողությունները։ Ցավոք, դեռ մնում է Ղարաբաղի հիմնահարցը։ Մեր հաջողություններն ակնհայտ են նաև արտաքին քաղաքական ոլորտում։
– Դուք հաջողությո՞ւն եք համարում հայ–թուրքական արձանագրությունները։
– Ես միշտ ազնիվ եմ եղել և հիմա էլ կլինեմ՝ այդ արձանագրություններն արտացոլում են ուժերի հարաբերակցությունը։ Կուզեի այդ փաստաթղթերն ավելի լավը տեսնել, բայց դրա համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Մենք նախաձեռնողն ենք եղել, և սա ես համարում եմ խոշոր դիվանագիտական հաղթանակ՝ թեկուզ չստորագրված վիճակում։ Այնպես որ, երեք խոշոր բլոկներում էլ կան բարելավումներ, կարելի է ասել՝ նվաճումներ, և Սերժ Սարգսյանը ներկայացնելու բաներ ունի։
– Պրն Բադեյան, խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, որով ՀՀԿ–ն փաստեց, որ փոխելը լինելու է իր անելիքի հիմքը։ Դատելով արդյունքներից՝ ձեր կուսակցությունը ստացավ այդ հավատը, մնում է փոխել։ Ի՞նչն ենք փոխում։
– Պարզ է, որ կա խնդիրների լուծման հերթականություն։ Այն ժամանակ առաջնահերթ էին նշածս երեք բաղկացուցուիչները, բայց հասարակության մեջ կուտակվում էին լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է սոցիալական արդարությանը։ Մեր համակարգը երբեմն անվանում են օլիգարխիկ, չինովնիկական կամայականության, մենաշնորհների համակարգ։ Ես նման պիտակներ չեմ տալիս, բայց այդ խնդիրների լուծման անհրաժեշտությունը կա, և հիմա, արդեն, քայլեր են արվում։ Ոմանք դա համարում են նախընտրական կամպանիա, թատրոն, բայց դա թատրոն չէ, այլ սոցիալական արդարության իրականացման սկիզբ, որին հետևելու են սահմանադրական փոփոխություններ, և պետք է ավելի շատ գործադրվեն հասարակության վերահսկողական մեխանիզմները։ Գիտենք, որ օլիգարխիկ համակարգում կային բազմաթիվ անխոցելի մարդիկ, բայց հիմա նրանք ստիպված են «խոցվել» իրենց սխալ պահվածքի համար, որը երբեմն հասնում է լկտիության։ Հասարակության մեջ պետք է ստեղծվեն հավասար պայմաններ և հնարավորինս պետք է մեղմել սոցիալական անհավասարությունը։ Ակնհայտ է նաև, որ բարելավվել է հարկային վարչարարությունը։
– Չե՞ն ճնշում բիզնեսը։
– Բիզնեսմենները միշտ ասում են, որ ճնշվում են, և ամբողջ աշխարհում է այդպես։ Ճիշտ հարկը, ճիշտ վարչարարությունը բիզնեսի օգուտն է։ Այնքան էլ հաճելի չէ շփվել բյուրոկրատիայի հետ, իսկ պետության որակն էլ հենց այն է, թե նա որքանով է հեշտացնում մարդկանց հարաբերությունները բյուրոկրատիայի հետ։ Մեզանում ակնհայտ են բարելավումներ ցանկացած ոլորտում։
– Տնտեսագետները, քաղաքագետները, բիզնեսմեններն ասում են, թե հետխորհրդային համակարգերի գլխավոր արատն այն է, որ իշխանությունը ծնում է բիզնես, բիզնեսը ծնում է իշխանություն, և այդ երկուսը սերտաճած, փաստորեն, ճնշում են հասարակության պոտենցիալի ինքնադրսևորմանը։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի առաջնահերթ փոփոխությունը պետք է լինի այդ սերտաճման դադարեցումը։ Ո՞րն է այդ ճանապարհը։
– Մենք բոլորս ծնունդով Խորհրդային միությունից ենք, որը պատերնալիստական պետություն էր։ Մինչդեռ հիմա անձնական նախաձեռնության հասարակություն է, որտեղ մարդն ինքը պետք է հաղթահարի որոշակի դժվարություններ և կարողանա կայանալ, օրինակ, բիզնեսում։ Պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար։ Մոնոպոլիզմը չարիք է, հատկապես՝ մասնավոր մոնոպոլիան, բայց մոնոպոլիաներ գոյություն ունեն ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհի ամենաազատական տնտեսություններում անգամ։
– Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում վերանան այդ սերտաճման ծիլերը, և մենք դառնանք նորմալ երկիր։
– Այսպես կոչված՝ օլիգարխները որևէ կապ չունեն իշխանության հետ, որովհետև չունեն ռեալ քաղաքական ուժ, զերծ են կառավարման լծակներից։
– Մեր պատգամավորներից շատերը հայտնի են որպես այդպիսին։
– Բայց նրանք ի՞նչ ուժ ունեն։
– Մարդ կա՝ մենաշնորհ ունի։
– Ցավոք, երբ ասում են՝ օլիգարխ, պատկերացնում են բիզնեսմեն։ Իշխանությունը կենտրոնացված է չինովնիկության ձեռքում։ Չինովնիկներն ունենում են իրենց բիզնեսները։ Այ սրա դեմ որոշակի քայլեր պետք է արվեն։ Մարդը կամ չինովնիկ է, կամ՝ բիզնեսմեն, երկուսը մի տեղ չի կարող լինել։ Բայց սա չի նշանակում, թե պատգամավորը չպետք է ունեցվածք ունենա։ Ուղղակի պետք է չզբաղվի դրանով։ Մենք այդ օրենքն էլ ենք ընդունել։
– Շնորհակալություն, պրն Բադեյան։ Հուսանք, որ մենք, ի վերջո, դուրս կգանք հետխորհրդային տրամաբանությունից և կդառնանք նորմալ, ազատ, անկախ երկիր՝ մեր երազած Հայաստանը։









































