Նոյեմբերի 28-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերա Էչենիկեյին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախագահական նստավայր Պալասիո դե լա Մոնեդայում կայացած պաշտոնական արարողությունից հետո Չիլիի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, առկա ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր բնագավառները։ Մեծապես կարևորելով փոխայցելությունների ակտիվացումը և իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները, դեսպան Մելիքյանը նշել է, որ այսօր առկա է չօգտագործված մեծ ներուժ և համատեղ ջանքերով հնարավոր կլինի հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա։ ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։
Նախագահ Պինյերան ընդգծել է Հայաստանի հետ կապերը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը՝ վստահեցնելով, որ առաջիկայում այդ ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Հանդիպման վերջում Չիլիի նախագահն իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել է ՀՀ նախագահին։









































