Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դուրս գալուն: Այս մասին հայտարարել է ԱէՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Վերջինիս խոսքերով` իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի դեպքում Իրանը ստիպված կլինի ուրանի հարստացման իր ցենտրիֆուգները տեղափոխել ավելի հուսալի տեղ. «Հարձակման ենթարկվելու դեպքում Իրանի խորհրդարանը կարող է ԱէՄԳ-ի ներկայացուցիչներին արգելել զննել երկրի միջուկային օբյեկտները:
Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում Իրանը կարող է ընդհանրապես դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից: Ռազմական ինտերվենցիաները չեն կարող կանգնեցնել ուրանի հարստացումը: Դրա հետ մեկտեղ Իրանը բոլոր ջանքերը գործադրելու է իր միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:







































