Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի կարծիքով՝ իշխանությունները որևէ զիջման չեն գնալու, իսկ հանրությունն այսպես մնում է դատարկ տաշտակի առաջ. «Եթե մի փոքր զիջման գնան, ապա իրենց թվում է, թե շղթայական զիջումներ պետք է անեն: Մենք տեսանք այդ 1000 դրամի օգնությունն անապահով ընտանիքներին, բայց դա բավարար չէ: Ես չգիտեմ՝ ինչ հաշվարկ են արել, բայց ձմռանը այդ 1000 դրամով որևէ կերպ հնարավոր չէ տունը ջեռուցել: Լավ է, որ պայքար կա, գնահատում եմ նաև «Դեմ եմ» շարժումը, որը պայքարում է կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, սակայն վերջնական արդյունք չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Ակտիվիստը ճիշտ է համարում Շանթ Հարությունյանի պայքարի մեթոդը և կարծում է, որ միայն ֆիզիկական պայքարի միջոցով հնարավոր կլինի արդյունքի հասնել. «Մնացած ոչ մի ձևով հնարավոր չէ հասնել արդյունքի»,- ասաց նա:
Անի Կաղինյանը ընդգծեց նաև, որ խորհրդարանական քառյակին ևս կողմնակից չէ: Նրա կարծիքով՝ մենք չունենք ընդդիմություն, որովհետև, եթե նրանք իսկապես դուրս գային իշխանությունների դեմ, մեր երկրում իրավիճակն այլ կլիներ. «Քաղաքացիական շարժումները պետք է միավորվեն, նոր առաջնորդներ պետք է հայտնվեն։ Մենք հոգնել ենք ընդդիմության կամ դիմության շարքերում նույն դեմքերը տեսնելուց»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: