US-CERT-ի (ԱՄՆ-ի արտակարգ պատրաստվածության համակարգչային թիմ) հետազոտողները հայտնաբերել են, որ Samsung և Dell ընկերությունների որոշ տպիչներում նույն ծածկագիրն է ներդրված, ինչը կարելի է օգտագործել հեռակա կարգով դեպի սարք մուտք ունենալու և ապարատում ֆիքսված ցանկացած ինֆորմացիա գողանալու համար: Դա խորապես անհանգստացրել է US-CERT-ին:
«Հաքերը կարող է հեռակա կարգով մուտք ունենալ դեպի տպիչ ադմինիստրատորի արտոնություններով: Նա հնարավորություն ունի փոխել սարքավորման կարգավորումները, ստանալ մուտք դեպի տպագրման ուղարկված ֆայլեր և տպիչում վտանգավոր ծածկագիր տեղադրել»,- նախազգուշացնում են գերատեսչության մասնագետները: Այս մասին հայտնում է ZDNet-ը:
Առայժմ հայտնի չէ, Samsung-ն այդ «դեֆոլտային» ծածկագրերը տեղադրել է միտումնավո՞ր, թե՞ սխալմամբ:
Սկանդալին ի պատասխան Samsung-ը հայտարարել է, որ արդեն ծանուցվել է բարդացող իրադրության մասին: Բոլոր տպիչները, որոնք թողարկվել են այս տարվա հոկտեմբերի 31-ից հետո, անվտանգության հետ կապված խնդիրներ չունեն, իսկ հին սարքերի խոցելիության վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:











































