Facebook-ն այնպիսի տեղեկատվական ռեսուրս է, որի մասին աշխարհի ցանկացած հետախուզություն կարող է միայն երազել: Այս մասին Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
«Կան այնպիսի կայքեր, ինչպիսիք են` Google-ն ու Facebook-ը, որոնք ստեղծվել են առաջին հերթին համընդհանուր օգտագործման համար, սակայն ժամանակի ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար մշակվել են աջակցման մեխանիզմներ: Իսկ շարքային օգտատերերը պարբերաբար Google-ին են վստահում իրենց հետաքրքրությունները՝ ձևավորելով որոնողական հարցումներ, ինչպես նաև փոխանակվում էլեկտրոնային նամակներով և Facebook-ում «լուսավորում» իրենց անձնական ծանոթությունները: Նույնիսկ ամենաանփույթ լրտեսը կարող է Facebook-ում գտնել օտարների ծանոթությունների և հարաբերությունների մասին անհավանական քանակությամբ վկայություններ»,- ասել է Ասանժը:
«Գրեթե ամեն բան, ինչ մարդիկ ցանկացած պահի անում են համացանցում, գրանցվում է և պահպանվում: Ցանկացած որոնողական հարցում: Դուք հիշո՞ւմ եք, թե ինչ եք մտածել մեկ տարի առաջ, երկու օր առաջ, երեք ամիս առաջ: Չե՞ք հիշում: Իսկ Google-ը հիշում է: Եվ ԱՄՆ Անվտանգության ազգային գործակալությունն է հիշում, եթե Ձեր հարցումը նրանք որսացել են ամերիկյան սերվերով կապի միջազգային ալիքների միջոցով»,- նշել է Ասանժը:
«Մենք բոլորս համացանցը ընկալում ենք որպես «գաղափարների պլատոնային տարածք», որտեղ հնարավոր է բարձրաձայնել սեփական մտքերը, նամակագրություն հաստատել, գրքեր հրապարակել, և այդ ամենը ինչ-որ տեղ գոյություն ունի: Իրականում այդ ամենը պահպանվում է ինտերնետ-սերվերներում, որոնք տեղակայված են ինչ-որ տեղ` Նյու Յորքում, Նաիրոբիում կամ Պեկինում, և մեզ այդ տեղեկությունը հասնում է օպտիկամանրաթելային մալուխներով կամ արբանյակային կապով: Այդ իսկ պատճառով մեր մտքերն ու նամակագրությունը գտնվում են նրանց ձեռքերում, ովքեր ղեկավարում են սերվերները:
Իսկ նրան, ում կհաջողվի վերահսկել կապի ալիքներն ու տեղեկություն որսալ, նա կարող է հետապնդել ողջ հասարակությանը: Սա պետական հետապնդման զարգացման մեջ նոր գլուխ է»,- հաղորդել է Wikileaks-ի հիմնադիրը:
Ասանժի կարծիքով` այլընտրանքը համացանցի անկախության մեջ է:











































