Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու մասին Գլխավոր ասամբլեայի որոշումն անվանել է պաղեստինա-իսրայելական կարգավորման ուղիղ բանակցությունների մանդատ,- հաղորդում է RIA Novosti-ն:
Վեստերվելեն հայտարարել է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի երեկ կայացրած որոշումը ուղիղ խաղաղ բանակցությունների մանդատ է:
«Քվեարկության արդյունքները պետք է պատճառ հանդիսանան, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շուտ սկսվեն խաղաղ բանակցություններ»,- նշել է արտգործնախարարը:
Վեստերվելեն ընդգծել է, որ ներկա իրավիճակում «չպետք է թույլ տալ հակամարտության երկարատև կոշտացում»:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ուղիներ որոնել՝ հարցի արդար, օրինական և երկկողմանի լուծման համար:
Գվիդո Վեստերվելեն ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները, որոնք վերջին ժամանակներս հաճախ են միասնաբար հանդես գալիս ՄԱԿ-ում որոշումներ ընդունելիս, այս անգամ չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել:











































