Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը ելույթ են ունենալու Ֆրանսիայի պետական գանձարանի կողմից կազմակերպված միջոցառմանը, որում քննարկվելու են ԵՄ տնտեսության աճի ռազմավարության հարցեր` հաղորդում է Vesti-ն:
Հավանաբար, քննարկվելու է «Հունաստանի խնդիրը»՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՀ-ը ցանկանում է հասնել այն բանին, որ եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնեն միաժամանակ կրճատել Հունաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի 20%-ով՝ նպաստելու համար երկրի տնտեսության կայուն զարգացմանը:
ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին դրական է գնահատել բանակցություններում առաջընթացի արդյունքները և Հունաստանի ու վարկատուների միջև գործարքը: Նրա կարծիքով՝ նման որոշումները նպաստում են անորոշության նվազմանը և տարածաշրջանի տնտեսության հանդեպ վստահության աճին, ինչը շատ կարևոր է ճգնաժամը հաղթահարելու գործում:









































