WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն արդեն կես տարի է՝ գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, հերքել է, թե ինքն առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունի:
«Փակի տակ գտնվելը, այդ պայմանները, անշուշտ դժվար են»,- պատմել է Ասանժը Reuters գործակալության հետ զրույցում:- Ավելի շուտ ես վայելում եմ այն, որ հայտնվել եմ փոթորկի կենտրոնում: Մենք ապրում ենք միայն մեկ անգամ, այդ իսկ պատճառով կարևոր է անել այն, ինչ իմաստ ունի մեր ժամանակների համար»,- հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիրը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Անա Ալբանը հայտարարել է, որ Ասանժը տառապում է թոքերի խրոնիկական հիվանդությամբ ու կարիք ունի բժշկական օգնության: Նա նաև հավելել էր, որ Ասանժի վիճակը «կարող է ցանկացած պահի վատանալ», քանի որ ցերեկային լույսի կարիք ունի:
Նրա խոսքով՝ դեսպանատունը պարբերաբար կազմակերպում է Ասանժի համար բժշկական հետազոտություն ու վճարում բոլոր բժշկական ծախսերը:
Էկվադորի փոխարտգործնախարար Մարիո Վինիսիոյ Ալբուխուն ավելի վաղ հայտարարել էր, որ ավստրալացին շատ է նիհարել ու հնարավոր է՝ կարիք ունի հոսպիտալացման:
Ասանժը, սակայն, CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնում իր առողջության համար:









































