Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակի շնորհումը.
«Հարգարժան Մահմուդ Աբբասն այժմ Պաղեստին պետության ղեկավարն է: Պաղեստինյան ինքնավարությունը վերաճել է Պաղեստին պետության: Պաղեստինը կարևոր քայլ կատարեց անկախության ճանապարհին:
Ինչպես ես նշեցի, ՄԱԿ ԳԱ-ի նիստում, որ Ալլահի օրհնությամբ Պաղեստինի դրոշը ՄԱԿ-ի շենքում մոտ ժամանակներս ծածանվի որպես ոչ միայն դիտորդ-պետության, այլև՝ որպես ՄԱԿ-ի անդամ երկրի դրոշ:
Երկու շաբաթ առաջ և՛ նախագահ Աբդուլլահ Գյուլը, և՛ վարչապետ Ռեջեփ Էրդողանը, և՛ ես կամպանիա ծավալեցինք Պաղեստինին ավելի շատ աջակցելու համար: Թուրքիան մշտապես եղել և լինելու է պաղեստինցիների արդար պահանջների կողքին, քանի որ դա ճիշտ կողմ է: Դա կապացուցի նաև պատմությունը: Այս հաղթանակից հետո Աբբասը ժամանելու է Թուրքիա»:








































