«Ազգային ժողովի մայիսյան ընտրությունները կրկին մեզ համոզեցին, որ իշխանությունների և օլիգարխների կապիտալ շաղկապված է, ներդաշնակ ու անբաժանելի, իսկ գաղափարախոսությունը ոչ տեղ ունի հանրության մեջ, ոչ էլ` ուժ: Այսօր ժողովրդի 50 տոկոսը չի հավատում ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը և ոչ էլ այլընտրանք երրորդ ուժի, իսկ մնացած 50 տոկոսն էլ գտնվում է վարչական լծակների ճնշման տակ կամ` իր ձայնը դարձրել է ապրանք` չգիտակցելով, որ իրեն պատկանող իշխանությունը վաճառում է օլիգարխներին: Ստեղծված իրավիճակում առաջադրել նախագահի թեկնածու մեր կուսակցությունը նպատակահարմար չգտավ»,- երեկ հայտարարեց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը` հավելելով, որ «Միավորված հայերը» քաղաքական դաշտը բաժանում է 3 մասի` իշխանամետի, ընդդիմադիրի և երրորդ ուժի, որի գաղափարախոսության հենքում, ըստ նրա, դրված է ազգի շահը:
Aravot.am-ի հարցին` կդառնա՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը երրորդ ուժ, Ավագյանը պատասխանեց. «Նախ` նա պետք է վերանայի իր ծրագիրը, գաղափարախոսությունը: Բացի այդ, եթե ասում են` «Բարգավաճ Հայաստան», ապա մենք նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանին, խկ եթե ասում են` Ռոբերտ Քոչարյան, մենք հասկանում ենք «Բարգավաճ Հայաստան»: Թե ինչ կորոշեն իրենք՝ դա իրենց խնդիրն է, բայց Ծառուկյանը երրորդ ուժ չի կարող լինել»:









































