
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արփինե Հովհաննիսյանը հեղինակել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այս նախագծով հեղինակները ցանկանում են սահմանափակել քաղաքացիների բանկային հաշիվները կալանքի տակ առնելու հնարավորությունները:
Այս փոփոխության պատճառը այն իրավիճակն է, որ տրանսպորտային միջոցների խախտումների արդյունքում գրանցված տուգանքները չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ը դիմում է բանկերին տվյալ ավտոմեքենայի սեփականատիրոջ հաշվի վրա կալանք դնելու պահանջով: Բանկը կալանք է դնում ամբողջ հաշվի վրա` անկախ այն հանգամանքից, թե որքան է նրա տուգանքի կամ հաշվեհամարին եղած գումարի չափը: Եվ արդեն մի քանի ամիս է, ինչ հազարավոր քաղաքացիների և իրավաբանական անձանց հաշվեհամարները կալանքի տակ են, ինչի պատճառով էլ նրանք չեն կարողանում օգտվել իրենց գումարներից: 10,000 կամ 20,000 դրամ տուգանք ունենալու դեպքում կալանքի տակ է առնվում խախտում կատարողի հաշվեհամարում եղած ողջ գումարը: Իրենց նախագծով հեղինակներն առաջարկում են խախտման դեպքում կալանքի տակ առնել միայն տուգանքի չափով գումարը և ոչ թե ողջ հաշվեհամարը, որպեսզի սեփականատերը կարողանա օգտվել իր ֆինանսներից:
Այս մի քանի օրերին բանկերում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիները փորձում են ստանալ իրենց գումարը, բայց բանկը չի տալիս: Ընդ որում` տվյալ պարագայում տուժում է ոչ միայն քաղաքացին, այլ նաև բանկը, քանի որ չի կարողանում շրջանառության մեջ դնել քաղաքացու հաշվեհամարում եղած գումարը: Իսկ քաղաքացիների հաշվեհամարներում կուտակված միլիոնավոր գումարները բանկերի համար առանց տոկոսի և բարձր շահութաբերություն ապահովող արտոնյալ ավանդներ են: Բայց քանի որ ԴԱՀԿ-ն պահանջում է կալանքի տակ դնել խախտում կատարած քաղաքացիների հաշվեհամարները, ոչ միայն դրանց սեփականատերերը, այլև բանկերը չեն կարող դրանցում առկա գումարները օգտագործել: Իսկ ԴԱՀԿ-ը բանկերին նման պահանջ էր ներկայացնում, երբ խախտում կատարողը չէր վճարում իր տուգանքը: Սա արդեն ամենահետաքրքիր հատվածն է, քանի որ քաղաքացին իր կատարած խախտման և չվճարած տուգանքի մասին տեղեկանում էր այն ժամանակ, երբ չէր կարողանում իր հաշվեհամարից գումար հանել: Խախտումներ արձանագրող Ոստիկանությունը նրանց նախապես չէր տեղեկացրել այդ իրողության մասին: Եվ շատ քաղաքացիներ այժմ Ոստիկանությունից չեն կարողանում ստանալ այդ ծանուցման մասին տեղեկությունը, որ դատարանում վիճարկեն այդ փաստը կամ գոնե վճարեն տուգանքը, որ իրենց հաշվեհամարից կալանքը հանվի: Այս ողջ գործընթացում զավեշտը հասել էր այն աստիճանի, երբ շատ քաղաքացիների ֆինանսական ողջ հնարավորություններն իրենց կալանավորված հաշիվներում են եղել, և նույն այդ տուգանքը վճարելու համար նրանք այդ հաշվեհամարից չեն կարողացել գումար հանել:
Նշենք, սակայն, որ ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած այս նախագիծն ԱԺ-ում կարող է քննարկվել միայն սեպտեմբերի կեսից, քանի որ այժմ խորհրդարանն ամառային արձակուրդում է, նիստեր չկան: Լավագույն դեպքում այդ նախագիծը կընդունվի և գործարկման մեջ կդրվի հոկտեմբեր ամսին: Այսինքն` դեռ 3 ամիս էլ մեր հազարավոր քաղաքացիների բանկային հաշիվները կալանքի տակ են լինելու, և դրանց թիվը օրեցօր ավելանում է:
«Եթե մենք այդ օրինագիծը չնախաձեռնեինք, ավելի երկար կտևեր այդ գործընթացը: Հիմա մենք հուսով ենք` որքան հնարավոր է արագ անենք, որ սեպտեմբերին արագ մտնի շրջանառության մեջ, և հարցը կարգավորվի, քանի որ մենք դա շատ կարևոր խնդիր ենք համարում: Իսկ մինչ այդ որևէ կանխարգելիչ քայլ չենք կարող իրականացնել, որովհետև օրենքն այդպիսին է, բաց կա օրենքում, և մենք լրացնում ենք այդ բացը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հեղինակներից ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: Իսկ հնարավոր չէ՞ բանկային համակարգի, նույն ԴԱՀԿ-ի կամ պատկան այլ մարմնի հետ միասին ինչ-որ միջանկյալ որոշում ընդունել, մինչև 3 ամիս անց այդ նախագիծը օրենքի ուժ կստանա: «Ինձ թվում է, որ կարելի է ևս մեկ անգամ բանակցել, բայց չեմ կարծում, որ մեկ-երկու ամսվա համար շտապողականություն ցուցաբերենք, սակայն առաջարկությունը կարևոր ենք համարում, և ինձ թվում է, որ դա չի ձգձգվի»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ականները հանկարծ այս օրերին նման օրենսդրական նախաձեռնություն իրականացրեցին, չէ՞ որ այս խնդիրը կար դեռևս շաբաթներ առաջ, երբ ԱԺ գարնանային նստաշրջանը դեռ չէր ավարտվել: Եթե նախագիծը մի քանի շաբաթ առաջ ներկայացնեին, ապա հնարավոր կլիներ այն ընդունել, և այսօր արդեն մեր քաղաքացիները այդ խնդիրը չէին ունենա: «Դա խանգարող հանգամանք էր հանդիսանում, ինչ-որ չնչին գումարների պատճառով մեծ գործերի մեջ գտնվող մարդկանց ամբողջ հաշվի վրա հանկարծ արգելանք էր դրվում, և խաթարվում էր նրա բնականոն աշխատանքը»,- պատասխանեց Վ. Բաղդասարյանը:
Այստեղից արդեն հասկանալի է դառնում, որ իշխանությունները ընդառաջել են ոչ թե շարքային քաղաքացիների դժգոհություններին, այլ «մեծ գործերի մեջ գտնվող մարդկանց», ովքեր հավանաբար իրենց շարքերից են, և այդ «չնչին» գումարների պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հսկայական հաշվեհամարներից: Այստեղ արդեն Վ. Բաղդասարյանը հիշեց նաև դժգոհող քաղաքացիներին: «Շատ քաղաքացիներ են դժգոհում: Եվ հիշեցնենմ, որ անցած տարի, երբ ընդունվում էր այս նախագիծը, ես այսօրվա փոփոխության նման առաջարկություն արեցի, բայց այն ժամանակվա կառավարությունը մերժեց: Ավելի շուտ բացատրեց, որ պայմանագրերի, բանկերի հետ կապված ինչ-որ խնդիր կա, և խնդրեց դա ուղղելու համար իրենց ժամանակ տալ»,- ասաց Վ. Բաղդասարյանը: Վերջինս նաև ավելացրեց, որ այս նախագծից հետո իրենք ծանուցումների հետ կապված երկրորդ նախաձեռնությունն են անելու:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն տրանսպորտային խախտումներն արձանագրող արագաչափերի բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին: